Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, զինվորականների առջև ելույթ ունենալով, հայտարարել է. «Մենք՝ ֆրանսիացիներս, աշխարհի հանդիսատեսը չենք և չենք սահմանափակվի տեղի ունեցողը պարզապես մեկնաբանելով: Մենք այստեղ ենք գործելու համար՝ ստանձնելու նախաձեռնությունը, պաշտպանելու մեզ, օգնելու և պաշտպանելու մեր դաշնակիցներին, երբ նրանց սպառնում են, և լինելու կայունության ու խաղաղության ուժ ամենուր, որտեղ մենք ներգրավված ենք»:               
 

«Երրորդ համաշխարհային պատերա՞զմ»

«Երրորդ համաշխարհային պատերա՞զմ»
17.01.2026 | 13:04

Ներկայացվող հոդվածը գրել է իմ լավ բարեկամ, Կիպրոսի Ստրովոլոսի քաղաքային խորհրդի անդամ Ari Habeshian-Άρι Χαπεσιάνը։

Երիտասարդ քաղաքական գործիչ, ով հայկական աշխարհի հարստության մասնիկն է և արժե, որ Հայաստանում էլ նրան ճանաչեն։

Հոդվածը՝ ստորև

«Քննարկումը «Երրորդ համաշխարհային պատերազմի» շուրջ կրկին ակտիվորեն վերադառնում է հանրային խոսույթ՝ սնուցվելով ՈՒկրաինայում ընթացող պատերազմից, Մերձավոր Արևելքում ապակայունացումից, Կարմիր ծովում լարվածություններից և Թայվանի շուրջ սրվող դիմակայությունից։ Սակայն վճռորոշ հարցը ոչ թե այն է, արդյոք աշխարհը շարժվում է դեպի Երկրորդ համաշխարհային պատերազմի տիպի նոր պատերազմ, այլ այն, թե արդյո՞ք միջազգային ինստիտուտները դեռևս ունակ են սահմանափակելու ուժի կիրառումը։

Հետպատերազմյան միջազգային կարգի հիմքը Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությունն է։

2-րդ հոդվածի 4-րդ կետը հստակորեն արգելում է որևէ պետության տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքը կամ կիրառումը։

Բացառությունները երկուսն են և միայն երկուսը՝ ինքնապաշտպանությունը զինված հարձակման դեպքում (51-րդ հոդված) և Անվտանգության խորհրդի բացահայտ լիազորումը՝ 39, 41 և 42-րդ հոդվածների հիման վրա։

Անվտանգության խորհուրդը միակ ինստիտուտն է, որը կարող է օրինականացնել ռազմական գործողությունը՝ ինքնապաշտպանությունից դուրս։ Նման որոշման համար անհրաժեշտ է, որ վետո չկիրառեն հինգ մշտական անդամները՝ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը։ Առանց այս գործընթացի՝ ուժի ցանկացած կիրառություն, անկախ քաղաքական կամ բարոյական հիմնավորումից, մնում է անօրինական։

Ժամանակակից աշխարհում «ուժի» և միջազգային իրավունքի միջև հակադրման բնորոշ օրինակ է Միացյալ Նահանգների վերջին ռազմական գործողությունը Վենեսուելայում, որը հանգեցրել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանն ու տեղափոխմանը ԱՄՆ։ Այս գործողությունը, որը պետական և միջազգային դիտորդների կողմից բնութագրվել է որպես «առևանգում», իրականացվել է առանց Անվտանգության խորհրդի որոշման և լուրջ հարցեր է առաջացնում խոշոր տերությունների միակողմանի ռազմական գործողությունների օրինականության և հետևանքների վերաբերյալ։

Այս դեպքը ընդգծում է առանցքային խնդիրը՝ երբ հզոր դերակատարները որոշում են անցնել միջազգային իրավունքի սահմաններից դուրս, ինստիտուտները թուլանում են, և միջազգային կարգի կայունությունը վտանգվում է։

Նմանատիպ սկզբունքներ գործում են նաև Գրենլանդիայի դեպքում, որը, որպես Դանիայի Թագավորության կազմում գտնվող ինքնավար տարածք, լիովին պաշտպանված է տարածքային ամբողջականության սկզբունքով։ Ցանկացած փորձ պարտադրանքի կամ ինքնիշխանության փոփոխության՝ առանց Անվտանգության խորհրդի որոշման, կխախտեր ՄԱԿ-ի Կանոնադրությունը։

Ամենավտանգավոր դեպքը շարունակում է մնալ Թայվանը։ Չինաստանը այն դիտարկում է որպես ներքին հարց, մինչդեռ միջազգային հանրության մեծ մասը հետևում է «Մեկ Չինաստան» քաղաքականությանը։

Այդուհանդերձ, Թայվանը գործում է որպես դե ֆակտո պետություն։ Ռազմական բախման դեպքում Անվտանգության խորհուրդը կգտնվի անգործության մեջ՝ չինական վետոյի պատճառով, բացահայտելով միջազգային համակարգի կառուցվածքային բացը՝ կանոնների կիրառման անկարողությունը, երբ ներգրավված են խոշոր տերություններ։

Այսպիսով, իրական վտանգը պարտադիր չէ, որ լինի համաշխարհային պատերազմի անմիջական բռնկումը, այլ կանոնների խախտման աստիճանական նորմալացումը։ Փոքր պետությունների համար, ինչպիսին Կիպրոսն է, որոնք չունեն ռազմավարական խորություն կամ խոշոր տերություններին համեմատելի զսպող ուժ, միջազգային իրավունքի թուլացումը գոյաբանական սպառնալիք է։ Երբ ինստիտուտները չեն կարողանում կիրառել կանոնները, և ուժը վերածվում է միջազգային հարաբերությունների հիմնական կարգավորիչի, անկայունությունը դադարում է լինել բացառություն և դառնում է միջազգային համակարգի մշտական բնութագիր։

Մեծ պատերազմները սկսվում են ոչ միայն այն ժամանակ, երբ ինստիտուտները փլուզվում են, այլ նաև այն ժամանակ, երբ մենք դադարում ենք հավատալ, որ արժե պաշտպանել դրանք։

Ստրովոլոսի քաղաքային խորհրդի անդամ՝ Ari Habeshian-Άρι Χαπεσιάν»

Արա ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 196

Մեկնաբանություններ